Շարունակվում է կոմիտասյան-սիամանթոյական տարին, և պոեզիայի ու երաժշտության հնչյունները Ծիր կաթինի պես շողարձակում են ու լուսավորում ապագայի ճանապարհը։ Եվ այդ ճամփան անցնում է նաև Սիամանթոյի անվան կրթօջախով, որտեղ այս անգամ հյուրընկալվում էր մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ։ «Ցավի գույնը»,- սա էր հերթական հանդիսության խորհրդանշական բնաբանը։ Այն մի ներկայացում էր, որում աշակերտները արվեստի լեզվով պատկերում էին ստեղծագործ հայ ժողովրդի կյանքի դրվագները և եղերական օրերը։ Կյանք, որը արտացոլվում էր նաև երգերում, բանաստեղծություններում, պարերում։
Ներկայացման վերջում աշակերտների խորհրդանշական «քարավանը» «Քելե լաո» երգով ուղղվեց դեպի տեսիլվող «մըր էրգիր»։
Այսպիսով մատաղ սերնդին փոխանցվում է պատմական հիշողությունը։
Մեծ եղեռնից հետո, Հովհաննես Թումանյանը, կռահելով թուրք ոճրագործների տարակուսանքը, իր «Գերության մեջ» այլաբանական բանաստեղծության մեջ գրել է.
«Մի՞թե դեռ էլ կենդանի է Իսրայելը աշխարհում, մի՞թե նրան չսպանեցինք պատերազմի դաշտերում...»:
Ո՛չ, հայ օրհնված ժողովրդին չկարողացան «սպանել պատերազմի դաշտերում»։ Ավելին, այսօր մատաղ սերունդը, հայ երեխաները մկրտվում են, գոտեպնդվում իրենց նախնիների ժառանգությամբ, ճանապարհ հարթում դեպի լույս։ Եվ ոչ թե հոխորտալով, այլ հաղթական «Յարխուշտայով», «Կիլիկիայով», կոմիտասյան երգը, Սիամանթոյի հրեղեն խոսքը շուրթերին։ Եվ այս ամենը` պատշաճ մակարդակով, ինչը նշեց նաև Վարդուհի Վարդերեսյանը. «Ես հուզված եմ, փառավորված աշակերտների երգով, պարով, ուսուցիչների այս նվաճումով, տնօրեն Աննա Ստեփանյանի կազմակերպչական հմտությամբ ու ճաշակով, ով կարողացել է իր շուրջը համախմբել նվիրյալներին։ Այս պրոֆեսիոնալ մակարդակն անհնարին կլիներ առանց սիրո ու նվիրումի։ Ես արտասվեցի, բայց ոչ միայն անցյալի հուշերից, այլև բերկրանքից, տեսնելով և լսելով, թե որքան լավ են երգում երեխաները, որքան միաբան է երգչախումբը, որը կատարեց Դանիել Երաժշտի սիամանթոյական հրաշալի երգերը։ Ահա այսպիսի երգերով պիտի դաստիարակվեն մեր երեխաները»։
Սիամանթոյական մթնոլորտն ավելի ջերմացավ, երբ դպրոցի տնօրենը բեմ հրավիրեց Վարդուհի Վարդերեսյանին՝ արտասանելու։ Եվ հնչեց «Հույսին համար» մեծակերտ բանաստեղծությունը, որը, ինչպես նշեց դերասանուհին, Սիամանթոյի միակ լավատեսական քերթվածն է։ Եվ «Ցավի գույնի» կողքին շողշողացին բերկրանքի գույները։
Այնուհետև Վ. Վարդերեսյանը հորդորեց վառ պահել արևմտահայ լեզուն և պոեզիան, պատրաստակամություն հայտնեց նպաստելու այդ գործին։ Սիրված դերասանուհին ուշադրությամբ և գոհունակությամբ դիտեց աշակերտների գեղանկարչական և կիրառական արվեստի ցուցահանդեսը, այցելեց Սիամանթոյի սրահը, ուր տեղի են ունենում մրցույթներ, բաց դասեր և այլ միջոցառումներ։ Հրաժեշտին Վ. Վարդերեսյանը ցանկություն հայտնեց կրկին այցելելու դպրոց՝ նորանոր նվաճումների ակնկալիքով։
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ